Նորություններ

ՄԻՊ․ Տեղաբաշխման հանձնաժողովը դատապարտյալների հարցերը լուծելու փոխարեն խնդիրներ է ստեղծում

Օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն, հայտարարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ այդ վիճակն անթույլատրելի է:

«Օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ»,- ասել են ՄԻՊ գրասենյակից։

Կառույցից նշում են, որ հանձնաժողովի գործունեության մասով առկա են օրենսդրական և գործնական խնդիրներ, մասնավորապես՝ պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն։

«Քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները և տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարևոր գործոն»,-հայտարարել են աշխատակազմից։

Այլ հոդվածներ

Close