Նորություններ

Փորձագետ․ Չի կարող երկրի տարածքում լինել համավարակ և ՔԿՀ-ները զերծ մնան դրանից

ՀՀ-ում ՔԿՀ-ների գերբեռնվածություն չկա, համաներման մասին կարծիքները տարբեր են

Օրեր առաջ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց դատապատյալի մոտ․ «Կոշ» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության առկայության կասկածանքով հունիսի 4-ին վերցվել է փորձանմուշ․ «Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»։ Թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ նրանց պատասխանը բացասական է»,- Forrights-ին տեղեկացնում է Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ Կորոնավիրուս է հաստատվել նաև «Երևան-Կենտրոն» հիմնարկի երկու աշխատակիցների մոտ։ Կրկին թեստավորվել են այնտեղ գտնվող կալանավորները և դատապարտյալները, պատասխանը՝ բացասական է եղել։

Այս մասին էլ տեղեկացնում է ՔԿԾ լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Իրավապաշտպանները բարձրաձայնում են՝ պատահեց այն, ինչից իրենք ամենաշատն էին վախենում և պարբերաբար ահազագում․ կորոնավիրուսը ներթափանցեց քրեակատարողական հիմնարկ։ Իրենց անհանգստությունը նրանք պատճառաբանում են՝ կալանավայրը, հանդիսանալով լիարժեք մեկուսացված տարածք, վարակի տարածման համար անհամեմատ ավելի հարմար վայր է և մեկ վարակի դեպքն անգամ կարող է շատ արագ տարածվել ամբողջ փակ համակարգում։ Քրեակատարողական հինարկները բեռնաթափելու վերաբերյալ հորդորները, սակայն, այդպես էլ օդում կախված մնացին։ Նախարար Ռուստամ Բադասյանը, իր ելույթներից մեկի ժամանակ անդրադառնալով համաներման և հիմնարկները բեռնաթափելու անհրաժեշտությանը, նշում է՝ մեջբերելով այլ երկրների օրինակները, ես խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասիրել, որոնք 120-200 տոկոս են կազմում․ «Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջանակում է, մենք չունենք կրիտակական վիճակ, որ դիմենք ծայրահեղ միջոցների և համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները, նման խնդիր չունենք»,- նշում է նախարարը:

 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, սակայն, հակադարձում է նախարարին՝ անգամ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում գերծանրաբեռնվածություն չկա, պետք է շուտափույթ կարգով համաներում իրականացնել․ այդ հանգամանքը չպետք է էական նշանակություն ունենա այս գործում։

«Այն խոսակցությունները, որ երկու ամիս առաջ պտտվում էին, իբր արդարադատության համակարգում չունենք վարակվածներ և կարիք չկա կալանավայրերից ազատ արձակելու մարդկանց, փաստացի, անտեղի էին։ Չի կարող երկրի տարածքում լինել համավարակ և ՔԿՀ-ները զերծ մնան դրանից։ Պետք է ընդունել, որ ունենք ծանր աստիճանի կորոնավիրուս, չփակել աչքերը դրա առաջ և գիտակցել, որ ՔԿՀ-ներում մարդիկ ևս շփվում են իրար հետ»,- Forrights-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպանը։

 

Նրա դիտարկմամբ՝ փակ հաստատությունններում վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, պետք է ազատ արձակվեն թեթև հանցանքի մեջ մեղադրվող անձիք կամ փոխեն նրանց խափանման միջոց կալանավորումը, դատարաններում կիրառեն այլընտրանքային խափանման միջոցներ և տուրք տալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի։

«Այս գործիքակազմից ցանկացած մեկի կիրառումը կարող է էապես դրականորեն ազդել հիմնարկում՝ վարակի տարածման դեմ»։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների հավաստմամբ՝ սանիտարահիգիենիկ պարագաների հագեցվածության տեսանկյունից ՔԿՀ-ներում տիրող վիճակը բավարար չէ։ Ոչ բոլոր հինարկներում են ջերմաչափում իրականացնում մուտքի մոտ, ոչ բոլոր աշխատակիցներն են դիմակներ և ձեռնոցներ կրում։ Դիտորդական խումբը համակարգող Հասմիկ Հարությունյանի կարծիքով՝ ոչ միայն պետք է խստացվի սանիտարահիգիենիկ հսկողությունը, այլ համատարած թեստավորումներ իրականացվեն հիմնարկներում։ Հարությունյանը համաներում հայտարարելու կողմնակիցների ցուցակում չէ, քանի որ, ինչպես ինքն է պնդում՝ լայնամասշտապ ազատ արձակելու դեպքերը պետք է հիմնվեն անձանց ուղղվելու և կրկնահանցագործության ռիսկերի գնահատման վրա, ինչը համաներման ժամանակ չի իրականացվում:

«Այս պարագայում պետությունը կարող է գործի դնել վաղաժամկետ ազատման և ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման ինստիուտների առավել ճկուն և արագ կիրառման ընթացակարգեր, ինչը դիտորդական խմբի կողմից ներկայացվել էր ՀՀ ԱՆ՝ որպես առաջարկ: Այս մասով կարծես թե ունենք առաջընթաց, քանի որ նշված հիմքով առաջիկայում արդեն իսկ փոփոխություններ են նախատեսվում»,- Forrights-ին մանրամասներ է ներկայացնում Հարությունյանը։

 

Դեռ մարտի ամսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ էր արել պետություններին բերնաթափել կալանավայրերը․ «Շատ երկրներում կալանավայրերը ծանրաբեռնված են, այդպիսի պայմաններում ֆիզիկական հեռավորություն պահելը և ինքնամեկուսացումը գործնականում անհնար են… Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն դատապարտյալների և անձնակազմի շրջանում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ»։

Այլ հոդվածներ

Close