Նորություններ

«Էս անգամ մինչև մահ գնալու ենք, էս շինծու գործն էսպես չենք թողնելու»․ «Վանաձոր» ՔԿՀ-ում 18 անձ հացադուլ է հայտարարել

Մոր խոսքով՝ 45-ամյա որդիները նման ծայրահեղ քայլին դիմում են արդեն հինգերորդ անգամ, բայց այս անգամ հայտարարել են՝ չեն դադարեցնելու։

«Երկու տղաներս երրորդ օրն ա հացադուլի մեջ են գտնվում, ընդհանուր թուլություն ունեն, բայց ասում են՝ էս անգամ մինչև վերջ, մինչև մահ գնալու ենք, էս շինծու գործն էսպես չենք թողնելու․․․երկու-երկու տղաներս հրաժարվել են սննդից, ես հիմա ի՞նչ անեմ»,- Forrights-ին էր ահազանգել «Վանաձոր» ՔԿՀ-ում 18 հացադուլավորներից երկուսի՝ Արման և Վաղարշակ Խոստիկյանների մայրը՝ Թելինե Մկրտումյանը։

Մոր խոսքով՝ 45-ամյա որդիները նման ծայրահեղ քայլին դիմում են արդեն հինգերորդ անգամ, բայց այս անգամ հայտարարել են՝ չեն դադարեցնելու։ Նախորդ հացադուլը 52 օր է տևել, երկուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանով, նրանց կյանքը փրկել հազիվ է հաջողվել․

«Ավտոմեքենա գողանալու մեղադրանքով երկուսին էլ դատել են, բայց էդ սարքած գործ ա, ոչ ապացույց կա, ոչ տեսնող ա եղել, ոչ էլ գործով առկա փաստեր կա։ Քննիչը վկաներից սպառնալիքով ա ցուցմունք կորզել․ դուռը փակել ու ասել ա՝ մինչև էս ցուցմունքը չստորագրեք, ոչ մեկդ տուն չեք գնալու։ Ինձնից էլ փող էին ուզում, չտվեցի, ավելի կատաղեցին ու բռնեցին ամենաաբսուրդ ձևով դատապարտեցին։ Ընդամենը մեքենա գողանալու հոդվածով դատապարտեցին 11 և 12 տարի ազատազրկման, անգամ հաշվի չառան այն հանգամանքը, որ նրանցից յուրաքանչյուրն ունի երկու անչափահաս երեխա»,- վրդովված նշում է տիկին Թելինեն։

52-օրյա հացադուլի «պտուղները» ստացվեց․ վկաների բողոքների և Խոստիկյանների պահանջների հիման վրա քրեական գործ հարուցվեց քննիչի դեմ, սակայն, շատ կարճ ժամանակ անց, կարճվեց։ Առաջին ատյանի դատարանը ևս կարճեց, այս պահին դատապարտյալները բողոքել են Վերաքննիչ քրեական դատարան։

Դատապարտյալներ Խոստիկաններն այսօր ծայրահեղ քայլի են դիմել ոչ միայն իրենց քրեական գործի պատճառով, այլ՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումների մերժման խնդրով։ Տիկին Թելինեի խոսքով, որդիներին միտումնավոր են մերժում, այսպիսով շարունակելով վրեժ լուծել նրանցից․

«Իբր տույժ ունեն՝ հեռախոս պահելու համար, բայց դե հո բոլորս էլ հասկանում ենք՝ ինչու են մերժում։ Վեց տարի ա տղաներիս հանդեպ անարդար որոշումներ են կայացվում։ Թե ինչքան ա էս անօրինականությունները շարունակվելու, չենք հասկանում։ Իրենք չեն ուզում արդարությունը վերականգնվի, չեն ցանկանում իրենց գործընկերներին գցել, որ երեխեքիս ազատ արձակեն»,- համոզմունք է հայտնում երկու դատապարտյալների մայրը։

«Բա Սերժի ու Քոչարյանի դատերը ո՞նց ա տեղի ունենում, իրանց դեպքում կորոնավիրուս չկա՞»

«Երկու օր ա հացադուլի մեջ ա ու հայտարարում ա, որ չի պատրաստվում դուրս գալ, քանի դեռ էդ սարքած գործը վրայից չեն հանել»,- ասում մեկ այլ հացադուլ հայտարարած կալանավորի մայրը, ով չցանացավ անունը հրապարակել։

Ծնողի խոսքով՝ որդու գործով դատական նիստեր տեղի չեն ունենում, ասում են՝ իբր կորոնավիրուսի համաճարակով է պայմանավորված. «բա Սերժի ու Քոչարյանի դատերը ո՞նց ա տեղի ունենում, իրանց դեպքում կորոնավիրուս չկա՞»։

«Վանաձոր» ՔԿՀ հացադուլավորների մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Գևորգ Պետրոսյանը․

«Վանաձոր ՔԿՀ-ից ահազանգ ենք ստացել, որ 20 անձ հացադուլի է դիմել` կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ: Որպես իրավաբան` հայտարարում եմ, որ Սահմանադրության համաձայն մարդու կյանքն ու առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահամանափակման որևէ դեպքում: Խնդրում եմ արագ արձագանք իրավասու մարմինների կողմից, որպեսզի պարզվեն պատճառները ու տրվի լուծում առավել ևս երբ խոսքը վերաբերում է այն անձանց որոնք դեռ դատապարտյալ չեն, այլ մեղադրվում են, և որոնց դեպքում գործում է անմեղության կանխավարկած»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նաիրա Զոհրաբյանն իր կողմից հավելեց, որ անազատության մեջ գտնվող 12 կալանավոր և դատապարտյալ սննդից հրաժարվելու դիմում են գրել նաև «Արմավիր» ՔԿՀ պետին։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի հացադուլավորների հետ աշխատանք են տանում հիմնարկի աշխատակիցները, հորդորելով դադարեցնել հացադուլը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ փոխանցեց, որ տեղյակ են հացադուլավորների մասին և այս պահին անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 18 հացադուլավորների մեծ մասը նման ծայրահեղ քայլի է գնացել վաղաժամկետ ազատ արձակման դիմումը չբավարարելու պատճառով, դատապարտյալներ կան, որ անօրինականությունների դեմ են պայքարում, իսկ կալանավորները պահանջում են համավարակի վտանգով պայմանավորված, փոխել իրենց խափանման միջոցը՝ ընտրելով գրավ կամ ստորագրություն չհեռանալու մասին․

«Հացադուլավորներն ավելանալու են, եթե քայլեր չձեռնարկվեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Զոհրաբյանը։

Աղբյուրը՝ Forrights.am

Այլ հոդվածներ

Close