Նորություններ

Սիլիկյան թաղամասում նոր ՔԿՀ կկառուցվի, «Նուբարաշենը» կփակվի

Նոյեմբերի 28-ին կառավարությունը հաստատեց ռազմավարություն՝ ուղղված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին:

Ռազմավարության նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:

Ըստ այդմ, սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական հագեցվածության բարձրացում, քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում, ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը:

Սահմանվել է նաև քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդում, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում,
դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավում:

Պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է՝
Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար):

Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):

«Երևան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:

Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:

Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար:

Այլ հոդվածներ

Close