Նորություններ

Դատապարտյալների վերասոցիալականացում. ի՞նչ է այն և որքանո՞վ է արդյունավետ

Կարծրատիպեր, պիտակներ, ներքին բարդույթներ, կրթական ու մասնագիտական բացեր ու էլի տասնյակ պատճառներ, որոնք ազատության մեջ հայտնվելուց հետո նախկին դատապարտյալին թույլ չեն տալիս կամ կաշկանդում են հասարակության մեջ լիարժեք ինտեգրվել։ 

Քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պատերից դուրս տարվող աշխատանքը՝ լրացնելու այս բացն ու նախկին/ներկա դատապարտյալին շրջապատում հավուր պատշաճի ներկայացնելը զրոյական արդյունք կտա, եթե նախապես՝ ՔԿՀ մտնելու առաջին իսկ վայրկյանից, չեն տարվել համապատասխան աշխատանքներ։ Հենց այս մասին է Socinfo.am կայքի այս հրապարակումը, որը կօգնի խնդրով մտահոգ քաղաքացիներին, նախկին ու ներկա դատապարտյալներին, նրանց մտերիմներին ու հարազատներին, պատկերացում կազմել կամ հիշել այս հարցի կարևորությունն ու որոշ նրբություններ։

Եվ այսպես, դատապարտյալի վերասոցիալականացումը իրենից ենթադրում է հոգեբանամանկավարժական, տնտեսական, բժշկական, իրավաբանական և կազմակերպական միջոցների համալիր, երկարատև գործընթաց, որն ուղղված է դատապարտյալին անհրաժեշտ հմտություններով զինելուն և պատժի կրումից հետո հասարակություն վերադառնալուն պատրաստելուն: 

Ինչպես արդեն նշեցինք, այս գործընթացը փաստացի սկսվում է դատապարտյալի ազատազրկման վայր հայտնվելու առաջին օրվանից և շարունակվում պատժի կրման ամբողջ ժամկետի ընթացքում: 

Վերասոցիալականացման նպատակն է սոցիումից կտրված անձին՝ դատապարտյալին, պատրաստել պատժից հետո կրկին մուտք գործել կյանք՝ դառնալու հասարակության լիարժեք անդամ։

Վերասոցիալականացումը  պրոբացիայի շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների, միջոցառումների և ծրագրերի, իրավական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու և օրինապահ վարքագիծ ձևավորելու գործընթացների ամբողջություն է:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ վերասոցիալականացման գլխավոր նպատակը դատապարտյալի վերաինտեգրումը, հասարակության համակեցության կանոններն ընդունելն ու օրինապահ վարք դրսևորելն է։

Վերասեցիալականացում եզրույթը չի օգտագործվում, սակայն այդ հասկացության իմաստը արտացոլվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, 5-րդ գլխում «ուղղում» հասկացության տակ, 16, 17-րդ հոդվածներում։

Դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումն է, ինչպես նաև վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը՝ դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման և զարգացման նպատակով:

Ուղղման միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով պատժի տեսակը, դատապարտյալի անձը և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցագործությանը, պատժի ժամկետը, ուղղիչ հիմնարկի տեսակը, ինչպես նաև պատժի կատարումը տարբերակելու ու անհատականացնելու սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքներ:

ՀԻՇԵ՛Ք

Ուղղում և վերասոցիալականացում եզրույթները չեն նույնանում, սակայն վերասոցիալականցման նպատակներից մեկը անձի մոտ օրինապահ վարք ձևավորելն է, ինչը նաև ուղղման գերնպատակներից մեկն է, ուստի, քրեակատարողական օրենսդրության նշված հոդվածները իմաստային առումով վերաբերելի են վերասոցիալականացման հասկացությանը։

Related Articles

Close