ԻրազեկումներՆորություններ

Որոնք են պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ հիմնական խնդիրները, որոնց բախվում են դատապարտյալները ՀՀ-ում

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը վերջին տարիներին մշտապես եղել է տարբեր կարծիքների՝ երբեմն նաև սուր քննադատությունների կիզակետում։ Դժգոհություններ կային հիմնականում պատիժը կրող անձանց կողմից։ Այս հարցը բազմիցս բարձրացվել է նաև հասարակական կազմակերպությունների կողմից։

Հարկ ենք համարում նշել, թե նախկինում ինչ խնդիրներ էին ի հայտ գալիս

Խնդիրներից մեկն այն էր, որ գործընթացը սկսվում էր քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ և ցանկությամբ, ուստի այս գործընթացի սկիզբը, կարելի է պնդել, որ խիստ սուբյեկտիվ էր և կամայական։

Դատապարտյալները բողոքում էին այն հանգամանքից, որ եթե նույնիսկ նրանք դրական վարք էին դրսևորում, նույնիսկ մեկ չնչին տարաձայնությունից կասկածի տակ էր դրվում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը։

Հաջորդ խնդիրն այն էր, որ վարչական հանձնաժողովի նիստը պետք է տեղի ունենար դատապարտյալի ներկայությամբ՝ նրա համաձայնությամբ, սակայն դատապարտյալները բազում անգամներ բողոքներ են ներկայացրել առ այն, որ վարչական հանձնաժողովի նիստերի մասին նրանք նախապես չէին ծանուցվում և օբյեկտիվորեն զրկված էին վարչական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու հնարավորությունից։

Էական խնդիր էր նաև այն, որ անկախ հանձնաժողովի համար որևէ ուղղորդիչ նորմեր սահմանված չէին, այսինքն, մեծ հաշվով անկախ հանձնաժողովը կարող էր կայացնել ցանկացած որոշում՝ գործելով խիստ սուբյեկտիվ, իսկ դատապարտյալը զրկվում էր պետության կողմից սահմանված չափորոշիչներ մատնանշելու հնարավորությունից։ Կարելի է պնդել, որ այս բացը մեծ խոչընդոտ էր հանդիսանում դատապարտյալի ուղղման համար, քանի որ անձը չէր կարող ընտրել ուղղման ճանապարհը և դրսևորել օրինապահ վարքագիծ, քանի որ նման վարքագծի դեպքում պետության կողմից սահմանված որևէ խթան կամ երաշխիք չկար և դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննվում էր սուբյեկտիվորեն։ 

Որպես օրինակ կարող ենք նշել պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն, օրինակ 2017 թվականի առաջին կեսում քրեակատարողական հիմնարկների կողմից քննարկվել է ընդհանուր առմամբ 1969 անձանց պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, որից ՔԿ վարչակազմի կողմից դրական եզրակացություն է ստացել 245-ը: 245-ից պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կողմից դրական եզրակացության է արժանացել 61 անձ:

Նույն տարվա երկրորդ կեսին արձանագրվել է հետևյալ պատկերը: Անկախ հանձնաժողովի քննարկամանը ներկայացվել է ընդհանուր առմամբ 2303 անձի վերաբերյալ գործ, որից դրական եզրակացություն անկախ հանձնաժոոովի կողմից տրվել է 162-ով, սակայն վերջնական արդյունքում դատարանի կողմից դրական որոշում տրվել է 315 գործով: Այսինքն՝ անկախ նրանից, որ անկախ հանձնաժողովի կողմից տրվել է բացասական եզրակացություն, վերջիններս դատարանների կողմից ստացել են դրական որոշում / Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն/: 

Ներկայումս Անկախ հանձնաժողովների ձևավորման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը ուժը կորցրել է և անկախ հանձնաժողովները այլևս գոյություն չունեն։ Պայմանական վաղաժամկետ ազատման հարցում հիմնական դերակատարումը ընկնում է քրեակատարողական ծառայության և պրոբացիոն ծառայության վրա։

Ընդհանրացնելով ողջ վերոգրյալը՝ հանգում ենք այն եզրակացությանը, որ օրենսդրական փոփոխությունները դրական ազդեցություն են թողել դատապարտյալների պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը։ Այլևս գոյություն չունեն անկախ հանձնաժողովները, որոնք գործում էին խիստ սուբյեկտիվ, որի արդյունքում դատապարտյալները հնարավորություն չունեին ընտրելու դրական վարքագիծ, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն էր թողնում դատապարտյալի ուղղման գործընթացի վրա։

Փոփոխություններից հետո դեռևս բավարար ժամանակ չի անցել, որևէ օբյեկտիվ եզրահանգման հասնելու համար, մինչ օրս ոչ հասարակական կազմակերպությունները և ոչ էլ դիտորդական խմբերը չեն ներկայացրել զեկույցներ, որից պարզ կդառնա, թե օրենսդրական փոփոխությունների արդյունքում, առկա խնդիրները լուծելուց հետո ինչպիսի խնդիրներ են առկա։  

Իրավաբան՝ Լիա Սուքիասյան

Related Articles

Close