ԻրազեկումներՆորություններ

Ի՞նչ է իրենից ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում բարեփոխումների փաթեթը. պարզ  մեկնաբանություն՝ իրավաբանից

Նախկինում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար մեծ նշանակություն ուներ քրեկատարողական հիմնարկի վարչակազմը, որը հանդես էր գալիս հանձնաժողովի կարգով, ինչպես նաև անկախ հանձնաժողովը։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում պայմանական վաղաժամկետ ազատման հարցում հիմնական դերակատարումը ընկնում է քրեակատարողական ծառայության և պրոբացիոն ծառայության վրա։

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնել պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ պարտավոր է դատապարտյալին գրավոր կերպով ծանուցել դիմում ներկայացնելու կարգի մասին: Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է պրոբացիայի ծառայությանը: Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարի սահմանած ժամկետում և կարգով, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին ՝ կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը: Քրեակատարողական ծառայությունը և պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ: 

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 11 և 12 մասերը սահմանում են, որ 

1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

  1.  պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
  2. պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.
  3. պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
  4. պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.
  5.  դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

  1.  դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
  2. հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
  3. ռեցիդիվի առկայությունը.
  4. իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
  5.  հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.
  6.  նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
  7.  որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
  8. մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
  9.  ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
  10.  սոցիալական միջավայրը.
  11. առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
  12.  դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:
  • Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան: 
  • Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան: Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այս դեպքում դատապարտյալը կարող է որոշումը բողոքարկել դատարան: 
  • Քրեակատարողական ծառայության կամ պրոբացիայի կողմից ներկայացված զեկույցներից մեկը բացասական է, ապա դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկել համապատասխան որոշման ընդունումից հետո երեք ամիս անց: Այն դեպքում, երբ առկա է դատարանի կողմից պատժից վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում, ապա դատապարտյալի պատիժը կրելուց ազատման կամ չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կրկին կարող է քննարկման ներկայացվել վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց:

Ընդհանուր փոփոխությունների նպատակն էր վերացնել Անկախ հանձնաժողովները, սահմանել հստակ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում ստացվում է դրական եզրակացություն, հնարավորինս բացառել սուբյեկտիվ և կամայական մոտեցումը պայմանական վաղաժամկետ ազատման դեպքերում, հարցի քննարկման հիմնական դերակատարումը դնել քրեակատարողական ծառայության և պրոբացիոն ծառայության վրա, հաշվի առնելով նշված ծառայությունների մասնագիտական ռեսուրսի առկայությունը և ծառայության նպատակներն ու խնդիրները։ 

Իրավաբան՝ Լիա Սուքիասյան

Related Articles

Close