Իրազեկումներ

Ի՞նչ է հանրային աշխատանքը և ո՞ր դեպքում են հանցագործություն կատարած անձին նշանակում հանրային աշխատանք

 Այլընտրանքային պատժատեսակը քրեական օրենսգրքի շրջանակում ներառում է բացառապես հանրային աշխատանքներ պատժատեսակը։ Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև հետյալ դեպքում․

Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց:

Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:

Այլընտրանքային միջոցների կատարման ապահովումը դրված է պրոբացիոն ծառայության վրա։ Պրոբացիայի մասին օրենքը ընդհանուր առմամբ սահմանում է, թե յուրաքանչյուր դեպքում պրոբացիոն ծառայության վրա ինչպիսի պարտականություններ են դրված և ինչպիսի իրավունքներ, պարտականություններ և ինչ գործողություններ պետք է իրականացնի պրոբացիոն ծառայությունը։

Պրոբացիայի մասին ՀՀ օրենքով որպես այլընտրանքային պատժատեսակ է դիտարկվում նաև տնային կալանքը, էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը, սակայն նշված պատժամիջոցները մինչ օրս սահմանված չեն ոչ քրեական օրենսգրքով և ոչ էլ քրեական դատավարության օրենսգրքով։ Նախկինում մշակվում էր քրեական դատավարության նոր օրենսգիրք, որով նպատակ կար սահմանել այլընտրանքային պատժամիջոցների նոր տեսակներ, սակայն այդ նախագիծը այդպես էլ չընդունվեց, իսկ վերջին քաղաքական իրադարձություններից հետո դեռևս նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մասին տեղեկություններ մեզ հայտնի չեն։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած նրան, որ դեռևս նոր քրեական դատավարության օրենսգիրքը ընդունված չէր, Կառավարության կողմից ընդունվել է կարգ, որը սահմանում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումն ու ֆինանսավորումը, որը, սակայն, նույնպես ներկայումս կիրառման իրավական հենք չունի:

Իրավաբան՝ Լիա Սուքիասյան

 

Related Articles

Close