ԻրազեկումներՆորություններ

Ինչ հիմքերով է որոշվում՝ արդյոք դատապարտյալին կարելի է ներկայացնել պայմանական վաղաժամկետ ազատման, թե ոչ. Որոնք են չափորոշիչները

Պատժի նպատակը սոցիալական արդարության վերականգնումն է, ուղղելը պատժի ենթարկված անձին, ինչպես նաև հանցագործությունները կանխելը (ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետ):

Եվ եթե դատապարտյալի ուղղումն ի կատար է ածվել մինչև պատիժը կրելու ավարտը, ապա պատժի հետագա կրումը դառնում է ոչ նպատակահարմար: Այդ իսկ պատճառով, օրենսդրությունը հնարավորություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատել այն անձանց, ովքեր այլևս ուղղվելու կարիք չունեն և ըստ այդ էլ պատժի հետագա կրումը դարձել է ոչ նպատակային: Այս նորմը կարելի է դիտել, որպես խրախուսական նորմ և դատապարտյալների համար լրացուցիչ խթան ուղղմանը, վերասոցիալականացման ծրագրերին ավելի պատասխանատու մոտենալու համար:

Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածից պարզ է դառնում, որ ոչ բոլոր պատժատեսակների դեպքում է հնարավոր կիրառել պայմանական վաղաժամկետ ազատումը, նշելով որ պայմանական վաղաժամկետ ազատելը հնարավոր է միայն ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրող անձանց դեպքում: 

Ընդ որում,  անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից: 

Պայմանական վաղաժամկետ ազատում դատարանը կիրառում է, եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցների կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝

  1.  պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և
  2. դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

  1. պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
  2.  պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.
  3. պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
  4.  պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.
  5.  դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

Իսկ դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

  1. դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
  2. հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
  3. ռեցիդիվի առկայությունը.
  4. իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
  5. հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.
  6.  նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
  7. որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
  8.  մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
  9.  ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
  10.  սոցիալական միջավայրը.
  11.  առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
  12.  դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

Դատարանը պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս անձի վրա կարող է դնել նույն պարտականությունները, ինչ որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս`

  • չփոխել մշտական բնակության վայրը, 
  • բուժման կուրս անցնել ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, վեներական հիվանդությունից կամ թունամոլությունից, 
  • նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին: 

Related Articles

Close