Իրազեկումներ

Պատժի ո՞ր տեսակների դեպքում դատապարտյալների հետ ուղղման աշխատանքներ չեն իրականացվում

Դատապարտյալի հետ անցկացվող ուղղման աշխատանքների բնույթը կախված է նրա պատժի տեսակից, դրսևորած վարքագծից, կատարած հանցագործության բնույթից, պատժի ժամկետից և մի շարք այլ հանգամանքներից: Եվ այսպես, եթե դատարապարտյալին նշանակվել են պատժի հետևյալ տեսակները, նրա հետ վերաինտերգման աշխատանքներ չեն տարվում՝

  1. տուգանք.
  2. հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը.
  3.  զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.
  4.  գույքի բռնագրավումը.
  5. կարգապահական գումարտակում պահելը.

Այս պատիժների դեպքում վերասոցիալականացման գործընթաց չի կատարվում։ Ի ԴԵՊ՝ ըստ սահմանվածի՝ նման դեպքերում անձը սոցիումից չի կտրվում, հետևաբար սոցիալական վերաինտեգրման անհրաժեշտություն չկա։

Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ պատժատեսակների ընտրության հարցում որոշակի անհամապատասխանություն կա․ եթե, ինչպես ավելի վաղ նշել ենք, վերասոցիալականացում իրականցվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակի դեպքում, ապա անհասկանալի է, թե ինչու վերասոցիալականացում չի իրականացվում հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու դեպքում։

Խնդրահարույց է նաև կարգապահական գումարտակում պահելու դեպքում վերաինտեգրում չիրականացնելու հանգամանքը․ եթե անձը դրսևորել է հակաօրինական վարքագիծ և հայտնվել կարգապահական գումարտակում, չնայած նրան, որ փակ սոցիումից՝ բանակից տեղափոխվել է այլ փակ սոցիում՝ կարգապահական գումարտակ, միևնույն է սոցիումի փոփոխություն է տեղի ունեցել, որտեղ համակեցության կանոնները նույնը չեն, ուստի, կարծում ենք՝ նպատակահարմար կլիներ վերասոցիալականացման գործընթաց կատարել նաև կարգապահական գումարտակում պահելու դեպքում։

Իրավաբան՝ Լիա Սուքիասյան

Այլ հոդվածներ

Close